вторник, 30 декабря 2014 г.

Մուրացան

Իրականության մեջ չգտնելով իր իդեալները՝ Մուրացանը հայացքն ուղղում է դեպի պատմական անցյալը։ «Գևորգ Մարզպետունի» (1896) վեպը նրա ռոմանտիկական պատմափիլիսոփայության համապարփակ մարմնավորումն է. արտացոլելով X դ. Բագրատունիների հայկական թագավորության շրջանի իրադարձությունները, Մուրացանը ցույց է տալիս անձնական երջանկության և պարտականության ողբերգական ներհակությունը Աշոտ Երկաթ թագավորի կերպարում։ Ըստ Մուրացանի, թագավորը, այսինքն՝ պատմական անհատը, իրավունք չունի ազատ լինելու, իսկ ազատ անհատը՝ թագավոր։ Այս տեսակետից սպարապետ Գևորգ Մարզպետունին մարմնավորում է գրողի իդեալը։
«Անդրեաս երեց» պատմավեպի սյուժեն վերցված է Հայաստանում XVII դ. սկզբի պարսկական տիրապետության շրջանի իրադարձություններից, պատկերում է Ագուլիսի դպրոցի վերակացու Անդրեաս երեցի նահատակությունը՝ հանուն հայրենիքի և հայադավան եկեղեցու։
«Տիկին Փիլարյանի վիշտը» (1897), «Պսակների բողոքը» (1899), «Թե ինչու իմ ստորագրությունը չընդունեցին» (1902) պատմվածքներում գրողը սուր ծաղրի է ենթարկում լիբերալիզմի գաղափարախոսներին։ «Խոջիվանքում» (1886), «Հանելուկը լուծվեցավ» (1890), «Երկուսից որը» (1891), «Մարդը մտադրվում է, իսկ կինը կարգադրում» (1897), «Ցպահանջ» (1899) պատկերներում բացահայտվում են մարդկային հոգեբանության տարերքում թաքնված անբացատրելի պարադոքսները։
Մուրացանի ստեղծագործությունը հայ դասական գրականության ամենաինքնատիպ էջերից է։ Ասպարեզ մտնելով հայկական ռոմանտիզմի բուռն վերելքի շրջանում՝ Մուրացանը թեև ականատես եղավ այդ դպրոցի քայքայմանը, սակայն մշտապես հավատարիմ մնաց գեղարվեստական իր վաղ նախասիրություններին և դարձավ հայկական ուշ ռոմանտիզմի ամենախոշոր դեմքը։ Գեղարվեստական ոլորտների մեջ առնելով հայկական իրականության բոլոր բնագավառները՝ նա վավերացրեց մի ամբողջ պատմաշրջան և արձագանքեց ազգային ու սոցիալական իրադարձություններին։

Комментариев нет:

Отправить комментарий