четверг, 29 января 2015 г.

Հայ ռոմանտիկներԽաչատուր Աբովյան.

Աբովյանը թողել է գրական հարուստ ժառանգություն, թեև իր կենդանության օրոք նա տպագրել է միայն «Նախաշավիղ կրթության» դասագիրքը, իսկ նրա ձեռագրերը երկար ժամանակ անհայտ է մնացել լայն ընթերցարանի համար։ 1858թ. լույս է տեսնում նրա «Վերք Հայաստանի» պատմավեպը, իսկ խորհրդային տարիներին Գիտությունների Ազգային Ակադեմիան 1948—1961 թթ. կազմեց Աբովյանի երկերի՝ 10 հատորից բաղկացած ժողովածուն, որոնք գրեթե հանրագիտարաններ են, քանի որ իրենց մեջ պարունակում են տարբեր նամակներ, հոդվածներ...
Աբովյանի առաջին բանաստեղծությունները, որոնք գրված են գրաբարով, արտացոլել են նրա ռոմանտիկ աշխարհընկալումը («Կարօտութիւն նախնի վսւյելչութեանց հայրենեաց իմոց» (1824), «Սրբաճեմ ոտից տեառն գթութեանց» (1824) և այլն)։ Պարսկական բռնակալության մղձավանջն ապրած բանաստեղծը երազել է հայրենիքի անցած փառքը և կորցրած պետականությունը վերականգնելու մասին։ 20-ական թթ. վերջերին Աբովյանը գրել է սիրո և կարոտի տաղեր, որոնք ուշ միջնադարի հայ տաղերգուների (Բաղդասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Սիմեոն Երևանցի, Ահարոն Վարդապետ) և ժողովրդական գուսանների ստեղծագործական փորձի յուրատեսակ համադրություն էին։ Դորպատյան տարիներին մտորել է գեղարվեստական գրականությունը համապատասխանեցնել նոր ժամանակի պահանջներին, ժողովրդին հասկանալի աշխարհաբարը դարձնել գրականության լեզու։ «Սուգ հարազատ և ծնողասեր որդվո» (1835), «Տաղ հրաժարական» (1836) և այլ բանաստեղծություններ այդ ձգտումն իրականացնելու առաջին փորձերն էին։ Աբովյանը հայ քնարերգությունը լիցքավորել է հասարակական-քաղաքական բարձր գաղափարներով, խոհականությամբ և դրամատիզմով։ Նրան տանջել են անհատի և հայրենիքի ճակատագրերը, երազանքի ու աններդաշնակ իրականության հակադրությունները («Զգացմունք ցաւալից սրտիս...», «Զի՞նչ այս դառն հարուած...», «Երեկոյ», «Առ էմ. Կ.», «Գարուն», «Սէր առ հայրենիս», 1831—35 թթ.)։ Ետդորպատյան տարիների ստեղծագործությունները սերտորեն առնչվում են Աբովյանի լուսավորական նպատակներին։ Առակների միջոցով նա ջանացել է բարոյապես ազնվացնել մարդկանց («Պարապ վախտի խաղալիք»)։ «Հազարփեշեն» պոեմում ծաղրել է ցարական պաշտոնեությանը, ձգտել ժողովուրդների փոխադարձ ճանաչման։
Հետագա ստեղծագործություններում Աբովյանը երագել է բանական հասարակության մասին, որը նրա համոզմամբ պետք է ազատ լինի կրոնական կաշկանդումներից, մարդիկ պետք է թեթևացնեն միմյանց հոգսն ու ցավը, ճանաչեն միայն սիրո, եղբայրության ու բարեկամության կրոնը։

Комментариев нет:

Отправить комментарий